Մայիսի 28-ը` Հանրապետության օր

Իրադարձությունների տեսանյութ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայոց անկախ պետականության զոհված բազում հայորդիների անմահ հիշատակին:

Հուշահամալիրում Ամենայն Հայոց Հայրապետը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա ներկայությամբ ՀՀ նախագահի եւ հայոց պետական ավագանու Նորին Սրբությունը կատարեց աղոթք Մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում եկեղեցականաց դասը եւ բարեպաշտ հավատացյալները աղոթք վերառաքեցին առ Բարձրյալն Աստված` աշխարհի խաղաղության եւ Հայոց պետականության ամրության ու անսասանության համար: